Thursday, March 7, 2013

Գիտեմ…

Զարթուցիչս, որը սովորաբար զանգում էր ժամը  6:30, այսօր որոշել էր մի փոքր երկար քնել: Ճիշտ է, արդեն երեք ամիս կլիներ, ինչ նա անպետք էր դարձել ինձ համար, որովհետև քնում էի շատ ուշ և արթնանում ավելի վաղ քան  6:30 ը, սակայն համառորեն չէի ցանկանում հրաժարվել նրա ներկայությունից: Երկու ժամ կլիներ, որ ուսումնասիրում էի առաստաղիս մութ կողմերը: Կարող է անհեթեթություն թվալ, սակայն մեկ-մեկ ինձ թվում էր, որ կարող էի արտակարգ մասնագետ դառնալ առաստաղների գծով:
Ինչևէ, հեգնանքս մի կողմ թողնելով՝ վեր կացա, լոգանք ընդունեցի, հագնվեցի և իջա ներքև՝ խոհանոց:
Ոչինչ այնպես հաճելի չի բուրում առավոտյան, ինչպես մեկ բաժակ սև սուրճը: Մինչ նրա եփվելը կարգավորեցի աշխատություններս և, մեկ անգամ ևս համոզվելու համար, աչքի անցկացրեցի դասացուցակը:
Այո՛, այսօր չորեքշաբթի է.
Օր, որ կցանկանայի երբևիցե ջնջել աշխարհիս երեսից: Սակայն շաբաթը մեկ, ամիսը չորս կամ հինգ, և տարին հիսուներկու անգամ այդ օրն իր տեղն էր զբաղեցնում իմ կյանքում: Ես մեկ ու կես ժամ առանց դադարի պետք է տեսնեի նրա աչքերը, լսեի ձայնը, վիճեի, բացատրեի և խոսեի նրա հետ: Եվ այսօր էլ բացառություն չէր: Այսօրվա դասախոսությունս 20-րդ դարի Ֆրանսիական գրականության մասին էր լինելու:
Մինչ նրա տեղափոխվելը իմ դասախոսած կուրս, ամեն ինչ նորմալ էր, նույնիսկ կասեի շատ հանգիստ, լեկցիա, քննարկում, սեմինար, քննություն: Իսկ այժմ, այժմ նյարդերի խախտում, գիտակցության բացակայություն, ինքնավստահության պակաս:
Ես միշտ հրաշալի պատկերացրել եմ, թե ինչ է սերը, մինչև ինքս չսիրեցի: Մինչ այդ հաստատ գիտեի, որ արևը դեղին գույնի է, իմ սիրելի երգիչը Սթինգն է, իսկ ուտելիքը՝ տապակած կարտոֆիլը: Շա՞տ ծիծաղելի կհնչի, եթե ասեմ, որ արդեն կասկածում եմ այդ ամենի վրա, թե՞ իմ պարագայում դա նորմալ է: Մի խոսքով չգիտեմ, ինքներդ եզրակացություն կազմեք:
Եղանակն էլ այսօր տրամադրություն չուներ, ամպամած երկինք, անդադար տեղացող անձրև, ու հույս էլ չկար գոնե օրվա երկրորդ կեսին տեսնել ու զգալ արևի ջերմուրյունը: Ահա այսպես եղանակը հարամեց մի ամբողջ ազգի սպասելիքները գարնան առաջին օրվա հետ կապված:
Տանից դուրս գալու ժամանակն էր, վերցրի թղթապանակս, անձրևանոցս, մոտեցա դռանը, այն բացելու ընթացքում ևս մի հայացք գցեցի ներս, համոզվելու, որ ոչինչ չեմ մոռացել: Շրջվեցի դեպի դուռը և
Դռան առաջ կանգնած էր նա, ամբողջությամբ թրջված, ծխախոտը ձեռքին: Հագին սպիտակ վերնաշապիկ էր, որի տակից թափանցում էր սև ներքնազգեստը: Ամբողջ մարմնով դողում էր, և ես չէի հասկանում ցրտից է, թե վախից: Հազիվ էի ինձ զսպում, որպեսզի չգրկեմ նրան: Վերջապես ուժ հավաքեցի և արտաբերեցի.
-
Ներս արի՛:
Նա ծխախոտը նետեց և ներս մտավ: Ապուշ կլինեի, եթե հարցնեի ինչ է պատահել: Վայր դրեցի թղթապանակն ու անձրևանոցը:
-
Այդքան էլ հրաշալի եղանակ չէ, զբոսանքի համար, չէ՞ս կարծում, - ասացի ես:
Եվ միանգամից մտածեցի, - “Բրավո, տխմա՛ր, հիասքանչ հումոր արեցիր: Երևի առաստաղի մասնագետից անցում կատարես հումորի աշխարհ”:
Չէի կարողանում մտքերս իմի բերել, այնպիսի զգացում էր, կարծես քննության լինեի և ինձ բաժին ընկած լիներ հենց այն թեսթը, որի թեմաները չգիտեի: “Վերջապես կասես մի բան, թե այդպես ապուշի նման կմնաս տեղումդ կանգնած”
- Լսիր, դու այդպես կհիվանդանաս, պետք է փոխես շորերդ, ես քեզ համար հիմա չոր հագուստ կբերեմ:
Վերջապես ես ասացի խելքին մոտ մի նախադասություն: Արդեն շրջվել էի, որպեսզի ննջասենյակ գնայի և հանկարծ...
- Ուզում եմ տաք լոգանք ընդունել:
- Դե իհարկե, ինչպես կցանկանաս, ես քեզ կուղեկցեմ, - շփոթված ասացի ես:
Նա իր պայուսակը դրեց բազմոցին և հետևեց ինձ: Մտա լոգարան, բացեցի ջուրը՝ ստուգելու արդյոք բավականին տա՞ք էր թե ոչ:
- Ահա՛, կարող ես ներս գալ,այստեղ հեղուկ օճառներն են, մարմնի, դե մի խոսքով ինքդ կկողմնորոշվես, եթե ինչ-որ բան պետք լինի կարող ես դիմել:
Նա լուռ լսում էր ինձ և հետևում ամեն շարժումիս, ինչից ես ավելի էի կաշկանդվում: Դեռ չէի ավարտել խոսքս, երբ նա ձեռքերը տարավ դեպի վերնաշապիկը և սկսեց արձակել կոճակները:
Մի պահ չհասկացա թե ինչ է կատարվում, և ռեֆլեքսորեն պտտվեցի: Ինձ թվում էր, հարևանուհիս, որը սիրում էր երկար քնել, ուր որ է կարթնանար իմ սրտի զարկերից:
Ես համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած ասպիրանտս և գիտական թեզը գերազանցությամբ պաշտպանած երեսունմեկամյա կայացած տղամարդս, ամոթից շիկնել էի մի աղջկա առջև, որի տասնիննը նույնիսկ չէր լրացել, աստված՜ իմ:
Նա վերնաշապիկն ու տաբատը նետեց իմ ոտքերի մոտ և քաշեց լոգարախցիկի վարագույրը:
- Դու կարող ես գնալ, շնորհակալություն:
Ես վերցրի հատակից նրա շորերը, որոնք ամբողջովին թաց էին և դուրս եկա: Պահարանից ընտրեցի նրան հարմար հագուստ և նստեցի մահճակալին:
- Ինձ սրբիչ է հարկավոր, - բղավեց նա:
- Հիմա կբերեմ, - ասացի ես:
Արագ վերցրի սրբիչը և տվեցի նրան: Քիչ անց, փաթաթված սրբիչի մեջ, դուրս եկավ: Թաթերի վրա քայլելով մոտեցավ մահճակալին և նստեց կողքիս:
- Ահա շորերը, կարող ես հագնվել: Ես քեզ խոհանոցում կսպասեմ:
- Լա՛վ, ոնց կուզես:
- Ես թեյ կպատրաստեմ, լա՞վ:
- Չէ, ավելի լավ է սև սուրճ:
Նրա ասածը դեմքիս ժպիտ առաջացրեց:
- Ինչի՞ ես ժպտում:
- Չէ, ուղղակի չգիտեի որտեղից էի թեյ գտնելու, ըդհանրապեսչեմ խմում, և դժվար թե բնակարանումս գտնվեր:
- Աա՜, պարզ է:
- Լավ, գնամ սուրճ պատրաստեմ, դու հագնվիր, եթե որևէ բան պետք լինի…
- Արդեն ասել ես այդ մասին, կդիմեմ քեզ, հիշում եմ:
Նա ընդհատեց ինձ, իսկ ես նայում էի նրա մազերին, որոնց ծայրերից ջրի կաթիլներ էին թափվում: Ամբողջ էությամբ ցանկանում էի նրան, մի պահ նույնիսկ ինձ թվաց, որ ամեն բան հնարավոր է, եթե միայն ցանկանանք, սակայն ենթագիտակցությունս գոռում էր, հասարակության հետ բախման մասին:
- Դե ինչ, այդպես կանգնած մնալու՞ ես:
- Չէ, չէ, իհարկե գնում եմ, կներես.
“Կներե՞ս, աստվա՛ծ իմ, գուցե դադարես քեզ հիմար դրության մեջ դնել, նա քո ուսանողուհին է”, - այսպիսի խառը մտքերով չհասկացա թե ինչպե՞ս դուրս եկա ննջասենյակից և հայտնվեցի խոհանոցում՝ գազօջախի մոտ: Քիչ անց լսեցի նրա ոտնաձայները:
- Ահա և ես, ծիծաղելի եմ չէ՞ քո հագուստով, - ժպտալով հարցրեց նա:
Ես շրջվեցի դեպի նա և զգացի այրոց:
- Այ…
-Ի՞նչ եղավ:
Նրա դեմքը այլայլվեց և նա արագ մոտեցավ ինձ:
- Ոչինչ, բան չկա, ուղղակի ձեռքս այրեցի:
- Տուր տեսնեմ:
Բռնեց ձեռքս և տարավ դեպի շրթունքները, որոնք տաք ջրից, վարդագույն էին դարձել, սկսեց կամաց փչել: Գրողը տանի, նրա ձեռքերը էլ ավելի նուրբ էին քան մորս ձեռքերը:
- Այսպես լավ է, ցավը մի փոքր թողե՞ց:
Ես ձեռքս քաշեցի, ինձ մոտ տարօրինակ խոճափ սկսվեց.
 Զգում էի ականջներիս տաքությունը, կանգնել ու կմկմում էի լակոտի պես, իսկ նա շատ հանդարտ ու բազմանշանակ ժպտում էր: Իր մեծ սև աչքերը մի վայրկյան իսկ ինձնից չէր հեռացնում, որոք փայլում էին ինչպես առաջին ձյունը լույսի ներքո:
- Սուրճը պատրաստ է:
Այո, ես դա արեցի, կոտրեցի իմ խուճափը, այդ հիմար նախադասությամբ: Նա ետ քաշվեց և տեղավորվեց բազմոցին՝ ոտքերը դեպի իրեն քաշելով:
- Իսկ քեզ չի հետաքրքրում ինչու՞ ես այդ վիճակում եկա քեզ մոտ և հիմա նստած եմ քո բազմոցին, - հանկարծակի հարցրեց նա:
- Ճիշտն ասած դա իմ գործը չէ, և ես չեմ ցանկանում…
- Ստում ես, կյանքից առավել ես ցանկանում իմանալ, - ընդհատեց նա:
- Դե՜...
- Այսօր ընկերոջ քսանմեկերորդ տարեդարձն է, - սկսեց նա:
“Ահա, այն տխմարի, որ առիթը բաց չի թողնում քեզ ձեռք տալ և համբուրել մարդկաց աչքի առաջ”
- Դե ես էլ խոսք էի տվել, որ նրանը կլինեմ ամբողջությամբ: Մենք նրա սենյակում էինք, երբ նա սկսեց ինձ համբուրել, - շարունակեց նա:
Ես սուրճի տաք բաժակը պինդ սեղմել էի ձեռքիս մեջ, որն էլ ավելի էր այրում, սակայն այն ինչ զգում էի ներքուստ, անհամեմատ ցավոտ էր: Ցանկանում էի բղավել “հերիք է, լռի՛ր”, ձեռքերով փակել նրա բերանը, որից գարշելի բառեր եին թափվում, բայց նա շարունակում էր խոսել ու պատմել, առանց դադարի.
- Ամեն ինչ շատ էր խորանում, ես նրան խնդրեցի կանգ առնել, նա իհարկե ինձ չլսեց և շարունակեց: Պինդ սեղմել էր ձեռքերս, որպեսզի չկարողանամ ընդդիմանալ: Ես սկսեցի գոռալ, նա ձայնիցս ետ քաշվեց, ասելով գժվել եմ արդյո՞ք, թե ծաղրում եմ իրեն: Եվս մեկ փորձ արեց մոտենալու…
Լուռ լսում էի նրան, սակայն չկարողանալով ինձ զսպել, պոռթկացի:
- Գրողը տանի նա քեզ ուժով տիրացե՞լ է, թե ոչ:
Նա փոքրինչ վախեցավ իմ բարձր ձայնից:
- Ոչ, ես փախա, փախա առանց ետ նայելու, - ասաց նա և կում արեց սուրճից:
- Ես դրա մռութը կջարդեմ, երդվում եմ:
- Զվարճալի ես շատ, - քմծիծաղ տալով ասաց նա, և շարունակեց խմել սուրճը:
Ես նայում էի նրան, և մտածում, որ այդ լակոտի վերջը եկել է, որ նրա կյանքը մոտ ապագայում, դժողք է դառնալու, և հանկարծ նա վեր թռավ տեղից, սեղանին դրեց սուրճի բաժակը և քայլերն ուղղեց դեպի դուռը:
- Ես գնամ, արդեն ժամանակն է, - հանգիստ ձայնով ասաց նա:
- Մի րոպե, ու՞ր, ու՞ր ես գնում:
- Դե արդեն ժամանակն է, որ գնամ:
- Բայց քեզ այդպես չի կարելի դուրս գնալ:
- Այդպես, ինչպե՞ս, լավ էլի մի ծիծաղեցրա:
- Բայց ու՞ր ես գնում, մի փոքր էլ մնա, մինչև անձրևը կդադարի:
- Ընկերոջս ծնունդն է, ասել էի չէ՞, հավաքույթն ուր որ է կսկսվի: Հա, կլինի՞ չէ հագուստը հետո վերադարձնեմ:
- Դե հա, ինչպես հարմար է:
- Գնամ, կհանդիպենք մյուս չորեքշաբթի “Պարոն Սարգսյան”
Նա փակեց դուռն ու գնաց: Նույնիսկ տեղիցս չկարողացա վեր կենալ, ամբողջ ուժով փորձում էի մարսել գարնան առաջին օրը, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Վերջապես ձեռքիցս բաց թողեցի սուրճի բաժակը, որ այդքան ժամանակ պինդ սեղմել էի ափիս մեջ: Աչքս ընկավ նրա պայուսակին, որը խիստ կասկածում էի, որ պատահական էր մոռացել բազմոցին, այսինքն մեր մյուս հանդիպումը ավելի շուտ տեղի կունենար քան մյուս չորեքշաբթի…
Նայեցի առաստաղին, - ու մտածեցի.
“Չէ՛, լավ է, որ ես արտասահմանյան գրականության մասնագետ եմ և ոչ թե առաստաղի”




                                                                  
-ՎԵՐՋ-


© PrettyLiar

3 comments: